ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Իշխանության «մոնոլիտությունը» վերականգնված է

Իշխանության «մոնոլիտությունը» վերականգնված է
17.02.2009 | 00:00

ՄԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Անշուշտ, Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին քիչ թե շատ նշանակալի իրադարձությունը ԲՀԿ-ի համագումարն էր։ Նշանակալի ոչ այն առումով, թե ինչ-որ ճշգրտումներ մտցվեցին կուսակցության գաղափարախոսության մեջ կամ քաղաքական ծրագրերում։ Մանավանդ որ հնարավոր չէ ճշգրտել այն, ինչը սկզբունքորեն գոյություն չունի և չի ունեցել երբևէ։ Միակ կարևոր հարցադրումը, որի պատասխանն ուզում էր ստանալ հայ հանրության քաղաքական էլիտա համարվող հատվածը, հետևյալն էր. մնո՞ւմ է, արդյոք, ԲՀԿ-ն կառավարող կոալիցիայում, թե՞, այնուամենայնիվ, իրականությանը համապատասխանում են շրջանառվող լուրերն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը` Ռոբերտ Քոչարյանի գիտությամբ և օրհնությամբ, սկսում է վերջինիս վարչապետության հարցի լուծումը` գործող նախագահին ու կառավարությանն ընդդիմություն դառնալու ճանապարհով։
Միանգամից արձանագրենք, որ ԲՀԿ-ի համագումարի հետ կապված սենսացիաների սպասումները չարդարացան։ Չէին էլ կարող արդարանալ, քանզի այս կառույցը, որպես կուսակցություն, ստեղծվել է բացառապես իր առաջնորդի և նրա ընտանիքի բիզնես հետաքրքրություններն ու շահերը պաշտպանելու համար։ Եվ եթե իշխանությունները Գ. Ծառուկյանին տվել են երաշխիքներ, որ նրա բիզնեսի նկատմամբ պետական համակարգի ճնշիչ լծակների կիրառման միջոցով հատուկ ոտնձգություններ չեն լինի (իսկ չար լեզուները պնդում են, որ երաշխիքներ տրվել են), ապա ԲՀԿ-ի «ընդդիմադիր» կեցվածքը, բնականաբար, այլևս անիմաստ էր դառնում ցանկացած տեսանկյունից։ Այսպիսով, ԲՀԿ-ն շարունակում է մնալ կամ, ավելի ճիշտ, նորովի է մաս կազմում կառավարող կոալիցիային, քանզի համագումարի թերևս ամենակարևոր արդյունքը կարելի է համարել այն, որ արձանագրվեց` ժամանակին Քոչարյանի կողմից ստեղծված կոալիցիան այլևս Սերժ Սարգսյանի կոալիցիան է, դրանից բխող բոլոր ոչ դրական հետևանքներով նույն Քոչարյանի համար։
Սակայն տեղի ունեցածը կարևոր ճշգրտումներ է մտցնում նաև քաղաքական դաշտում առհասարակ։ Իշխանության «մոնոլիտությունը», փաստորեն, վերականգնված է։ Սա ինքնին հնարավորություն է ստեղծում գործող նախագահի համար ավելի լայն մանևրի դաշտ ստեղծել արմատական ընդդիմության հետ հարաբերություններում` բոլոր օրակարգային հարցերի վերաբերյալ։ Առաջին օրակարգային հարցը, անշուշտ, ձերբակալված ընդդիմադիրների ազատ արձակումն է։ Այս իմաստով իշխանությունները կարծես գտել են ելքը և քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի փոփոխության արդյունքում անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների մի մասը, գուցեև մեծ մասը, կարճ ժամանակ անց կհայտնվի ազատության մեջ։ Ամենայն հավանականությամբ, կլինեն նոր ներման որոշումներ, և մի մասն էլ այդ ճանապարհով ազատություն կստանա։ Բայց երկրորդ հարցը, որը կարծես նույնպես օրակարգային էր վերջին ամիսների իշխանություն-ընդդիմություն հեռակա բանավեճի ընթացքում, նոր ընտրություններ անցկացնելու ընդդիմության մշտական պահանջն էր։ Եթե ոչ նախագահական, ապա գոնե խորհրդարանական։
Ահա այս հարցն է, որ, ամենայն հավանականությամբ, այս պահին դուրս կգա իշխանության օրակարգից` մի շարք պատճառներով։ Առաջինն այն պատճառով, որ իշխանության ներսում տարաբաժանման հնարավորությունն առնվազն տեսանելի հեռանկարի կտրվածքով վերացված է։ Ներկա Ազգային ժողովն իր կոալիցիոն բացարձակ մեծամասնությամբ, քաղաքական գործունեության սկզբունքորեն անընդունակ նախագահով, ավելի կառավարելի է, քան կարող է լինել որևէ խորհրդարան։ Ակնհայտ է, որ իշխանությունն Ազգային ժողովի լուծարման քայլին կդիմի միայն այնպիսի իրավիճակում, երբ ընդդիմությունը, կենտրոնացնելով հանրային դժգոհությունը, կարող է լուրջ խնդիրներ ստեղծել իշխանության համար, կամ էլ եթե առկա է խորհրդարանական մեծամասնության փլուզման վտանգ։ Մեկ տարվա ընթացքում այդ երկու վտանգներն էլ, մեծ մասամբ, չեզոքացվեցին։ Բացի այդ, խորհրդարանի լուծարումն ու նոր ընտրությունների անցկացումն իրենց մեջ պարունակում են ներկա կառավարության փոփոխության որոշակի, թեկուզ ոչ մեծ, հավանականություն։ Իսկ գործող նախագահն անցած ամիսներին ցույց է տվել, որ վարչապետին պաշտոնանկ անելու ներիշխանական խաղերը կամ ընդդիմության պահանջներն իր համար բացարձակապես ընդունելի չեն։ Տիգրան Սարգսյանի կառավարությունը երկարաժամկետ կառավարություն է։ Ակնհայտորեն այդպես է որոշել Սերժ Սարգսյանը։ Այդ որոշումն իր մեջ ունի բազմաթիվ, այդ թվում` ոչ միայն ներքին, այլև աշխարհաքաղաքական բաղադրիչներ, որոնց պարզաբանումը բազմիցս տրվել է մամուլում, այդ թվում մեր թերթի միջոցով, և մի ավելորդ անգամ կրկ-նելու կարիք, թերևս, չկա։ Սակայն փաստ է, որ ներկայիս խորհրդարանի գոյության պայմաններում նույն Տիգրան Սարգսյանի կառավարության երկարատև գործունեություն ապահովելն անհամեմատ ավելի հեշտ է, քան արտահերթ ընտրություններով նոր ԱԺ-ի ձևավորումը, ուր ընդդիմությունն ամեն դեպքում անհամեմատ ավելի մեծ ներկայություն կունենա, քան այսօր։ Միաժամանակ, նոր ընտրությունները, բացի ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անցանկալի ծախսերից, իրենց մեջ անխուսափելիորեն պարունակում են որոշակի անկառավարելի նախընտրական իրավիճակի ստեղծում, ինչն այսօր բացարձակապես պետք չէ ո՛չ գործող նախագահին, ո՛չ էլ կառավարությանը։
Եվ վերջապես, կոալիցիան։ Ներկա խորհրդարանն ու կոալիցիոն մեծամասնությունը պահպանելով` Սերժ Սարգսյանը, ըստ էության, իր վերահսկողության տակ է պահում հետագա նախագահական ընտրություններում իր անխուսափելի մրցակիցներից առնվազն երկուսին` Արթուր Բաղդասարյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին։ Երկուսն էլ ակնհայտորեն հավակնում են սեփական թեկնածությունն առաջադրելու 2013-ի նախագահական ընտրություններում։ Սակայն ներկա կոալիցիայի շրջանակներում Բաղդասարյանը, ըստ էության, զրկված է ընդդիմադիր պոպուլիզմով զբաղվելու հնարավորությունից. ԱԽՔ-ի կարգավիճակը դրա համար բոլորովին համապատասխան չէ։ Դե, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը գնալով ավելի է կորցնելու հասարակական վստահությունը, իբրև առանձնապես ոչ այնքան ընդունակ ընդդիմադիր գործիչ, քանզի «Ժառանգությունը» «ոչ իշխանություն, ոչ կոնգրես» դաշտում գործելով պարզ է, որ իշխանության մաս չէ, սակայն նաև չի ընկալվում իբրև արմատական ընդդիմություն։ Նրա առաջնորդը, ինչպես բոլոր անցած տարիներին, ակնհայտորեն ունի և տանում է սեփական խաղը, դա պարզ է բոլորին, այդ թվում, անկասկած, Սերժ Սարգսյանին։ Իսկ գործող նախագահի շահերից բացարձակապես չի բխում իր ապագա մրցակիցներին արտահերթ ընտրությունների միջոցով նոր ամբիոնի տրամադրումը և նրանց վարկանիշին նոր լիցքի հաղորդումը։ Մինչև 2013-ը դեռ ժամանակ կա, իսկ մինչ այդ` ով մեռնի, ով ողջ մնա։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3089

Մեկնաբանություններ